AF Featured in Asbarez

Ararat Foundation was recently featured in Asbarez. Read the article at the link here or below:

Քարվաճառի բնակիչ, պայմանագրային զինծառայող Օհան Չիլինգարեանը վիրաւորուել էր 2020 թուականի Հոկտեմբերի 19ին, Մռաւի լեռնաշղթայում: Ականանետի հարուածից ոտքերի ծանր վիրաւորում էր ստացել եւ հինգ ամիս անցկացրել հիւանդանոցում` ենթարկուելով տարբեր վիրահատութիւնների: Այդ ընթացքում նրա ընտանիքը` կինը, մայրը եւ երեք մանկահասակ երեխաները վարձով են բնակուել Երեւանում` գտնուելով ընկերային ծանր պայմաններում: Չիլինգարեանների ընտանիքը երկրորդ անգամ էր կորցրել տունը. առաջինը` 1992 թուականին էր, երբ Օհանի ծնողները երեք մանկահասակ երեխաների հետ հեռացել էին Շահումեանի շրջանից: Ընտանիքը հաստատուել էր Քարվաճառում, տուն կառուցել` յոյս ունենալով, որ այլեւս տեղափոխուելու առիթ չի լինի: Սակայն, 2020 թուականի պատերազմի ժամանակ, Չիլինգարեանները կրկին տեղահանուեցին` այս անգամ Քարվաճառից:


Չիլինգարեանների մասին տեղեկանալուն պէս Լոս Անջելեսի «Արարատ» հիմնարկը (Ararat Foundation) ձեռք մեկնեց ու նրանց ֆինանսական աջակցութիւն տրամադրեց:

Գեղարքունիքում հաստատուելուց յետոյ էլ, հիմնադրամը յղի կովեր նուիրեց Չիլինգարեան եղբայրների ընտանիքներին` անասանապահութեամբ զբաղուելու համար:

Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքում տասնվեց տարուայ գործունէութեամբ յայտնի «Արարատ» հիմնարկի համար հայրենիքի վիրաւորուած պաշտպաններին օժանդակութիւնը դարձաւ առաջնայնութիւն եւ հիմնադրամը ստեղծեց «Աջակցութիւն վետերաններին» նոր ծրագիրը: Պատերազմի օրերին Արցախի դիրքապահներն էին, որ առաջինը ստացան «Արարատ» հիմնարկի կողմից երեսունչորս արկղ` լի հագուստով ու առաջին անհրաժեշտութեան պարագաներով: Սահմանապահ զինուորներին տաք հագուստով ապահովելու ծրագիրը շարունակւում է մինչ այսօր: «Պատերազմից ամենաշատը տուժած մեր հայրենակիցները համահայկական հոգածութեան կարիք ունէին, եւ մեր խորհուրդը որոշեց աջակցել Հայաստանի շրջաններում բնակութիւն հաստատած վիրաւորուած մարտիկներին ու նրանց ընտանիքներին, տեղահանուածներին` տրամադրելով օժանդակութիւն ֆինանսական, աշխատանքի, բնակարանային հարցերում», նշում է «Արարատ» հիմնարկի նախագահ Լաուրա Մելիքեանը: Կազմակերպութեան առաջին շահառուներից էր մարտի ժամանակ աջ ձեռքը կորցրած Գէորգ Մովսէսեանը, ում տունը վերանորոգելուց յետոյ էլ, հիմնադրամն օգնեց զինուորին նաեւ աշխատանքի տեղաւորուել արտակարգ իրավիճակների նախարարութիւնում: Տեղահանուած եւ Հայաստանի տարբեր մարզերում ապաստանած մի քանի ընտանիքի էլ տրամադրուեցին կենդանիներ` անասնապահութեամբ զբաղուելու համար:


«Արարատ» հիմնարկի 2021 թ․ի գործունէութեան արդիւնքի յուզիչ վկայութիւնն էր Հայրենիքի պաշտպաններին պատուելու առիթով կազմակերպուած խնջոյքին ներկայ  զինուորների  աչքերում նկատուող լոյսը: «Կեանքը շարունակւում է» խորագրով ձեռնարկին մասնակցում էին յիսունից աւելի վիրաւորուած եւ զինհաշմանդամ դարձած զինուորներ, հիմնադրամի անդամներն ու հիւրեր` նշանաւորելու ներկան ու յաղթական ապագան: Մելիքեանն իր խօսքում նշեց, որ չնայած աղէտին, կեանքը շարունակւում է եւ ներկաներից իւրաքանչիւրն առաքելութիւն ունի իրականացնելու, այդ թւում` սերունդներին ազգային արժէքներով կրթելու հարցում: «Փաստօրէն կարելի է եւ ապրել», կնոջն ասել էր ձեռնարկին ներկայ, Շուշիում ծանր վիրաւորում ստացած եւ ապաքինման փուլում գտնուող Սեւակ Քոչարեանը` երկար ամիսներ անց ժպտալով ու խախտելով հարազատ դարձած լռութիւնն ու թախիծը: «Սեւակի այս խօսքերը վկայում են, որ պէտք է շարունակենք մեր առաքելութիւնը` հայրենիքի պաշտպանների թիկունքն ամուր պահելու, նրանց նաեւ հոգեկան առողջութիւն ու բարեկեցութիւնը ապահովելու ուղղութեամբէ, նշում է տիկին Լաուրան:


Արցախը մշտապէս ուրոյն տեղ է զբաղեցրել «Արարատ» հիմնարկի ծրագրերում: Տարիներ շարունակ կազմակերպութիւնն օժանդակել է Քարվաճառի շրջանի կայացմանը` ներդրում ունենալով տարբեր ոլորտներում, յատկապէս` մշակութային կեանքում:


«Քարվաճառի շրջանում հիմնականում իրականացնում էինք նախագծեր երիտասարդների համար` ներդաշնակ զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելով, լինէր դպրոց, մանկապարտէզ, ակումբ, որտեղ պատանիներն անցկացնում էին ժամանակը, եւ զգում էին, որ հեռաւոր այդ անկիւնում, որտեղ շատ հնարաւորութիւններ չկային, իրենք մենակ չեն: Հիմնարկն աջակցել է «Միջնաբերդ» թատերախմբին, որ դարձել էր այնքան ճանաչուած, որ հիւրախաղերով էր հանդէս գալիս Արցախում ու Հայաստանի տարբեր շրջաններում: «Վիքի ակումբ»ն էլ  հնարաւորութիւն էր տալիս պատանիներին բարելաւելու կրթութեան որակը` զարգացնելու թարգմանչական, ստեղծագործական հմտութիւնները, միաժամանակ` մասնակցելու միջազգային համաժողովների: Նշածս բոլոր ծրագրերում նախաձեռնողականութիւնը պատկանում էր պատանիներին եւ շատ ուրախ էինք տեսնելու, որ, օրինակ ներկայացման թեմաներն ընտրելիս առաջնորդւում էին ազգային գիտակցումով, եւ դրանք հիմնականում հայրենասիրական բնոյթի էին»: Լաուրա Մելիքեանը նշում է, որ պատերազմից յետոյ, շարունակում են կապը քարվաճառցիների հետ, ինչը Հայաստանում համակարգում է հիմնադրամի ներկայացուցիչ, Քարվաճառի նախկին բնակիչ, լրագրող Թամարա Գրիգորեանը: «Քարվաճառի կորուստն անմեկնելի ցաւ էր մեր համար: Երբ Արցախի մեր հայրենակիցները ստիպուած եղան լքել տարիներով վերակառուցած հայրենի տունը, մխիթարութիւնս այն էր որ այս ընթացքում օգնեցինք կրթելու հայրենասէր այնպիսի սերունդ, որ որտեղ էլ լինեն` ներարկուած սերմերն այլեւս զօրեղ են: Կարեւորում ենք մեր տարիների կապն ու շարունակում ենք աջակցել քարվաճառցի երիտասարդներին, որ այժմ բնակւում են  Հայաստանի տարբեր շրջաններում», պատմում է Լաուրա Մելիքեանը: Պատերազմից յետոյ, հիմնարկը քարվաճառի շատ ընտանիքների ապահովել է անհրաժեշտ հագուստով ու կենցաղային իրերով, նախաձեռնել մշակութային ու կրթական բնոյթի միջոցառումներ: Մշակութային միջոցառումները ներառում են շրջայցեր. տարբեր մարզերում ապաստանած քարվաճառցի երեխաների հանդիպման վայրերից է Երեւանը, որտեղ նրանք այցելում են թանգարաններ, թատրոն: «Մեծահասակները գուցէ ինչ որ կերպ հասկանան, թէ ինչ եղաւ` այսինքն պատերազմ չէր, այլ հողերի յանձնում էր, բայց երիտասարդների համար հոգեբանական առումով շատ ծանր էր, նրանք կոտրուած են, եւ կարիք ունեն  հոգեբանական աջակցութեան: Այդ դերը նրանց համար այժմ կատարում են Թամարան ու ընկերները`  մեր կազմակերպութեան օժանդակութեամբ»:


«Արարատ» հիմնարկը միաժամանակ շարունակել է կրթական ծրագրերի հովանաւորումը Հայաստանի սահմանամերձ շրջաններում: 2020 թ․ի ամրանը, Տաւուշի մարզի Բերդաւան գիւղի շուրջ յիսուն 6-10 տարեկան երեխաներ մասնակցել են ամառային ճամբարի:


Հայաստանի Գիտութիւնների ազգային ակադեմիայի գիտաշխատող Միկիչ Փարսադանեանի ու համախոհների կազմակերպմամբ, երեխաները ծանօթացել են ձեռագործութիւն, կաւագործութեան հմտութիւններին, մասնակցել գործնական պարապմունքների: Կրթական հանդիպումներ են կազմակերպուել նաեւ գիւղի մեծահասակների համար` ներկայացուել են դասախօսութիւններ զարգացման ծրագրեր գրելու, առողջ ապրելակերպի, առողջ սնունդի, գիւղատնտեսական արդի ծրագրերի, զբօսաշրջութեան զարգացման հնարաւորութիւնների, խաղողագործութեան մասին:


2022 թուականի «Արարատ» հիմնարկի  առաջնային ծրագրերից է` մասնակցութիւնը Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անուան վերականգնողական կենտրոնի վերանորոգմանը: «Արցախի առողջապահութեան նախարարութեան հետ պայմանաւորուեցինք, որ կը մասնակցենք վերակառուցմանն ու վիրաւոր զինուորների վերականգնողական բուժման համար անհրաժեշտ սարքաւորումներ կը տրամադրենք: Սենեակներից մէկն էլ կ՛անուանակոչենք ի յիշատակ մեր համահիմնադիրներից` ամերիկահայ համայնքում եւ Արցախում երկարամեայ ազգանուէր գործունէութեամբ յայտնի, մեր վաղամեռիկ ընկերոջ` Ֆրեդ Վարդանեանի անունով», տեղեկացրեց Լաուրա Վարդանեանը` նշելով, որ ծրագրերի իրականացումը հնարաւոր է դառնում բարերարների շնորհիւ, ովքեր գնահատում ու հաւատում են «Արարատ» հիմնարկ  առաքելութեանը:


Տեղեկանք․- «Արարատ» հիմնարկը ստեղծուել է 2005 թուականին` նպատակ ունենալով պահպանել  հայկական ժառանգութիւնը` կրթական, մշակութային եւ մարդասիրական ծրագրերի միջոցով: Հիմնարկը նաեւ մարդասիրական տարաբնոյթ ծրագրեր է իրականացրել հայրենիքում: Հիմնադրամի աշխատանքներին կարելի է ծանօթանալ այստեղ:

This article was written by Asbarez staff.



Previous
Previous

Donations to Veteran Rehabilitation Center in Artskah

Next
Next

Helping Veterans Enjoy Art